BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Այնուամենայնիվ՝ ո՞վ է ցույց տալու ելքը

Այնուամենայնիվ՝ ո՞վ է ցույց տալու ելքը
04.04.2017 | 01:15

Փաստորեն՝ ապրիլի 2-ին կյանքը, իրոք, չավարտվեց՝ անձրև եկավ, տեղ-տեղ կարկուտ ու ձյուն, արև էլ կար, ընտրություն էլ եղավ: Անկախ Հայաստանի 7-րդ խորհրդարանն ընտրվեց, 6-րդ Ազգային ժողովը: Յոթի վրա վերադարձանք առաջինին՝ խորհրդարանական կառավարմանը: Քառորդ դար և դարձ ի շրջանս:
Գերագույն խորհրդի ընտրությունները կատարվեցին սովետական ընտրական օրենսդրությամբ և առայսօր համարվում են ամենաարդար ու ազնիվ ընտրությունները: Գուցե դեռ չէինք սովորել ինքներս մեզ խաբել: Կիրակնօրյա ընտրությունները նախորդներին նման էին ու նախորդներից տարբեր էին:


1. ԱԺ 101 մանդատների թեկնածու էին 9 կուսակցություններ և դաշինքներ՝ «Ելքը», «Ազատ դեմոկրատները», ՀՎԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, ՀՀԿ-ն, ՀԿԿ-ն, ՕՐՕ-ն, ՀՅԴ-ն: 13 ընտրատարածքների 2009 ընտրատեղամասերում կարող էր ընտրել 2 564 195-ը, իսկ ընտրեց նրանցից 1517411947-ը կամ 60,86 %-ը: Ընտրարշավի ընթացքում թվում էր՝ հասարակությունը էլեկտրականացել է ու ներգրավվել քաղաքական գործընթացում, ապրիլի 2-ին, այնուամենայնիվ, հաստատվեց նախնական մտավախությունը, որ հասարակության իներտությունը իր խոսքը կասի: Ասաց՝ չգնաց ընտրության՝ 40 %-ը:
2. Այս ընտրության տարբերությունը նախ օրենսդրական էր՝ Սահմանադրության փոփոխությամբ՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: «Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը»՝ ըստ Սահմանադրության 89-րդ հոդվածի: Այսինքն՝ ՀՀԿ-ն միանշանակ գնալու էր կայուն խորհրդարանական մեծամասնության մենակ, ծայրահեղ դեպքում՝ դաշինքով: Եվ դա էր որոշում մյուս քաղաքական ուժերի մարտավարությունը, որոնք հակված էին ընտրությունը՝ ընտրություն, բայց նաև պայմանավորվել, թե ինչ խաղ են խաղում: ՀՀԿ-ն գուցե կհամաձայներ իր ձայները իրականությանն ավելի համարժեք լինեին, եթե Գագիկ Ծառուկյանը համաձայներ ընդդիմություն լինել, բայց նա այդպես էլ չասաց, որ իր գլխավորած դաշինքը ընդդիմադիր է, անորոշեց՝ պատրաստ է դաշինքների, թե ում հետ՝ կորոշի ընտրությունների արդյունքներով: ՀՅԴ-ն, ՀՎԿ-ն, ՀԿԿ-ն պատրաստ էին ՀՀԿ-ի հետ դաշինքի, բայց…
3. Դեռ ոչ մի ընտրության Հայաստանում Եվրամիությունն այսքան մեծ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցույց չէր տվել: Սա հստակ մեսիջ էր, որ ԵՄ-ն ԵԱՏՄ-ին անդամակցած Հայաստանին չի ասել՝ «Հեռանալով՝ հեռացիր», դուռը բաց է՝ եկողի առաջ: ՈՒ սա համարձակ մեսիջ էր՝ միայն ԱԴ-ն ու «Ելք»-ն էին հրապարակավ հայտարարում, որ Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական մոդելով, մյուսները արտաքին քաղաքական խնդիրների մասին չէին խոսում, իսկ լռության մեջ գաղտնիք չկար՝ Ռուսաստանն էր:
4. Ընտրությունների օրենսդրական ու տեխնիկական միջոցների կատարելագործումը խախտումներից հնարավորինս զերծ էր պահում ընտրության բուն գործընթացը, բայց որևէ օրենք ու սարք չեն կարող կանխել խաբեությունը, եթե խաբելու ու խաբվելու փոխադարձ ցանկություն կա: Ընտրակաշառքի գործը ծաղկեց, ռեյտինգայինների շտաբներում նորից փող բաժանվեց, ի հաստատումն՝ ընտրողներից մեկը 20000 էր դրել քվեաթերթիկի հետ, մյուսները գերադասել էին գրպանը, թեև դա քրեորեն պատժելի է:

5. Միայն ընտրակաշառքը չէր ընտրությունների խախտումների շարքում.՝ եղան տարբեր խախտումներ՝ առավոտյան չէին գործում տեսախցիկները, պարզվեց Ucom-ի խնդիրն է՝ ծանրաբեռնվածությունն էր մեծ, մինչդեռ պարտավոր էին ապահովել օնլայն կապը, գրանցող սարքերն էին խափանվում, բաց էին քվեարկում, խախտվում էր քվեարկության գաղտնիությունը, անհայտ անձինք էին վերահսկում քվեարկության ընթացքը, ընտրողներին ուղղորդում էին, ընտրատեղամասերում առաջանում էին կուտակումներ, խախտվում էր ընտրողին օգնելու կարգը, չէր կասեցվում կողմնակի անձանց ներկայությունը, քվեաթերթիկներ էին դուրսուներս անում, խախտվում էր քվեաթերթիկների վիճակահանությամբ հաստատված դասավորությունը, անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքի տվյալները չէին համապատասխանում կամ չկար ընտրողի անունը, խախտվում էին դիտորդների և վստահված անձանց իրավունքները, քարոզչություն էին անում ընտրատեղամասում, խախտվում էին անվան դիմաց ստորագրությունները, կրկնաքվեարկության փորձեր եղան:
6. Ոստիկանությունը և օմբուդսմենի աշխատակազմը իր արագ արձագանքման «զորքով» գործեցին շուրջօրյա, թեժ գծով ու վազքով ընտրախախտումները արձանագրվում էին, հետևանքները կերևան:
7. Որևէ ընտրություն չէր եղել Հայաստանում, որ դիտորդ ունենար Սերժ Թանկյանին:
Դժվար է ասել՝ ի՞նչ ակնկալիքով էին Հայաստան եկել սփյուռքահայերը և կարողացա՞ն ապահովել իրենց պատկերացրած արդարությունն ու ժողովրդավարությունը, թե՞ դրսից ու ներսից ընկալումները տարբեր են:


ԿԸՀ-ի նախնական տվյալներով, որ հրապարակվեցին երեկ կեսօրին, ստացվում է հետևյալ պատկերը. ԵԼՔ՝ 7,78 %, ԱԴ՝ 0,94 %, ՀՎԿ՝ 3,72 %, «Ծառուկյան» դաշինք՝ 27,37 %, ՀԱԿ-ՀԺԿ՝ 1,65 %, ՀՀԿ՝ 49,15 %, ՀԿԿ՝ 0,75 %, ՕՐՕ՝ 2,67 %, ՀՅԴ՝ 6,58 %: ՀՀԿ-ն կունենա 55 մանդատ, ԲՀԿ-ն՝ 30, «Ելքը»՝ 9, ՀՅԴ-ն՝ 7: Այսինքն՝ յոթերորդ խորհրդարան են մտնում ՀՀԿ-ն՝ հաղթական առաջին, ԲՀԿ-ն՝ հավերժական երկրորդ, ՀՅԴ-ն՝ իր կոալիցիոն առավելություններից օգտված, և ելք ցույց տվող «Ելք»-ը: ՈՒ հիմա սկսելու է աշխատել Ընտրական օրենսգիրքը: Ի՞նչ են նրանք անելու: Մի կողմ դրեք նախընտրական հայտարարությունները և սկսեք պատմությունը նոր էջից: Տրամաբանորեն այդպես պիտի լինի: Բայց կլինի՞: Անվտանգությունն ու առաջընթացը ՀՀԿ-ի համար իդեա ֆիքս է, որով կերակրում է իշխանական տաշտից կառչածներին, որ սպիտակ դրոշների տակ են տեսնում երկրի ու իրենց գոյությունը: Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ և գուցե մինչև 2018-ի ապրիլի 9-ը դեռ ինքն իրեն հարց ու պատասխան տա՝ լավատեսական, ախտորոշիչ ու ապագայամետ: Սերժ Սարգսյանը վերջապես պիտի որոշի՝ ի՞նչ է ուզում աշխարհից, ՀՀԿ-ից ու ինքն իրենից: Շեյխերն ինքնաթիռ չեն նստի՝ ԲՀԿ-ն չստացավ 50+1 %, Գագիկ Ծառուկյանը հինգ տարի հետո էլ կշրջի Հայաստանով ու կասի. «Պարոն Ծառուկյան ջան, ես քո ցավը տանեմ» ու նրան ծափ կտան, որ փող տա: Նրա ընտրացուցակի խիստ ամբիցիոզ դեմքերը, որ նետվում են իշխանական բարձունքներ, թույլ չեն տա ընդդիմադիրի իմիջի մեջ մտնել, ու նա նորից ԱԺ չի մտնի՝ նոր նախագահին դնելով անհարմար վիճակի մեջ՝ հավատալ, որ նա ծանր հիվանդ է՝ ըստ տեղեկանքների: Նրա 15 կետե՞րը: Չմտածեք, չէին էլ կատարվելու: Ամենահաջողակը այս ընտրություններում եղավ ՀՅԴ-ն, որ փափուկ բարձերի վրա մտավ Բաղրամյան 19 և նույնքան փափուկ բազկաթոռների ակնկալիք ունի: Նրանք ստացան այն, ինչ իրենցը չէր, ինչ չստացան ՀԱԿ-ն ու ՕՐՕ-ն: Եվ այնքան հանգիստ ստացան, որ մի կարգին ընտրարշավ էլ չէին վարում՝ երգում էին ու զբոսնում երկրում՝ հանդիպում իրենց կուսակիցների հետ, որ մի քանի տարի չէին տեսել: Մեկ-մեկ էլ կռիվ-մռիվ էին անում: Գուցե ոմանց անակնկալ թվա «Ելք»-ի մուտքը ԱԺ՝ նոր քաղաքական ուժ, նոր քաղտեխնոլոգիաներ, երիտասարդներ, գործնականում «Ելք»-ը միակ դաշինքն էր, որ ընտրարշավի ընթացքում իսկապես հանդիպում էր իր և ուրիշների ընտրողներին, քաղաքից քաղաք, փողոցից փողոց նրանք պտտվում ու քարոզում էին իրենց տեսակետները, ոչ թե հների պես փակ ու տաք դահլիճներում հանդիպում էին կուսակիցներին ու միմյանց ոգեշնչում: Եվ դեռ մեծ հարց է՝ երեք հայտնի ու առանձին-առանձին ազդեցիկ ու վստահելի ուժերը միավորվելով՝ ավելի կորցրի՞ն, թե՞ գտան չոր հաշվարկում: Նրանք միավորվեցին ներդաշնակ ու միմյանց լրացնելով ու պարտավոր են խորհրդարանում այդպես էլ մնալ:
Ֆիասկոն իբրև փառավոր անցյալի՞ ավարտ, մեկ առանձին կուսակցության պատմությո՞ւն է ՀՎԿ-ի դեպքը, թե՞ վերջ պոպուլիզմին ու դեմագոգիային: Փաստորեն՝ ՕԵԿ-ն ավելի բախտավոր էր, քան վերածնված Հայաստանի տեսլականը: Բայց Արթուր Բաղդասարյանը կմնա քաղաքական ասպարեզում, կմնա ինչ-որ պաշտոնում ու 2022-ին կփորձի վերականգնել ՕԵԿ-ի իրավունքները:


Ազատ դեմոկրատները ևս ֆիասկո ապրեցին, որ կապ չունի նրանց եվրոպական կողմնորոշման հետ, նրանք չկարողացան, և դա նրանց մեղքն է, որ չներկայացան միասնական ուժ, ընտրեցին էկլեկտիկան, որ իրեն չարդարացրեց իբրև ռազմավարություն:
ՀԿԿ-ն այս ընտրությունների քինդեր սյուրպրիզն էր, որ այդպես էլ մնաց, նույնիսկ 17 միլիարդ դոլարը վիճակ չփոխեց:


ՕՐՕ դաշինքը ձախողվեց, և դա Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտին վերջնական հրաժեշտն էր: Հրաժեշտը չստացվեց՝ նա ոչ միայն չօգնեց, այլև հարվածի տակ դրեց յուրայիններին, խաղաց նրանց ոչ միայն քաղաքական, այլև մարդկային ճակատագրերի հետ: Սկանդալային դաշինքը կարող էր արմատական քաղաքական ուժ դառնալ, եթե կազմավորվեր ոչ թե ընտրարշավի նախօրեին և ոչ միայն նախկին պաշտոնյաներից:
ՀԱԿ-ՀԺԿ-ի հրաժեշտը խորհրդարանին նշանակում է, որ ավարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ռեինկարնացիան: Նա շռնդալից վերադարձավ 2008-ին, իշխանության հետ երկխոսությամբ, տարբեր ձևաչափերում զրոյացրեց քաղաքական կապիտալը և ձախողեց քաղաքագիտական վերլուծությունները, որոնցից վերջինը «Խաղաղություն հիմա»-ն էր: Ժողովուրդը կողմ է խաղաղության, բայց ոչ ամեն գնով: ՀԱԿ-ՀԺԿ-ի տոկոսները նաև շռնդալից պատասխան էին Լավրովի պլանին: Մոսկվան հիմա կենտրոնացնելու է ուժերը նոր ընդդիմության վրա՝ հավատափոխելու ու յուրային դարձնելու համար:


Կընդունե՞ն նրանք իրենց պարտությունը և կշնորհավորե՞ն հաղթողներին: Հազիվ թե: Դա կլիներ քաղաքական կայացած համակարգի պարագայում, երբ իշխանությունն ու ընդդիմությունը ընտրություններում հերթագայում են միմյանց ու միմյանց հետ մրցակցում են իրենց ծրագրերով ու գաղափարներով: Հայաստանում ընդդիմությունը չունի սահմաններ՝ ընդդիմադիր է իրեն հայտարարում՝ ում հեռացնում են իշխանությունից, ով արթնացել է գլխացավով ու դժգոհում է եղանակից: Բոլոր դեպքերում՝ ընտրությունները 85,10 %-ի համար տոն ու մեկօրյա վարձու աշխատանք էին, ոմանց համար ոչինչ ու նրանք չընտրեցին, բայց բողոքելու են ամեն ինչից, 7,33 %-ը տարբեր նախընտրություններ ուներ, 7,78 %-ը տեսավ ելքը: Իմաստ ունի շնորհավորել բոլորիս՝ մենք ևս մեկ ընտրություն անցանք ու դեռ ողջ ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ի՞նչ է լինելու այն կուսակցությունների հետ, որ չհայտնվեցին խորհրդարանում՝ մեկ, հնարավո՞ր են հետընտրական գործընթացներ՝ երկու, ի՞նչ են անելու խորհրդարան մտած կուսակցություններն ու դաշինքները՝ երեք: Ի վերջո՝ ամեն ինչ նոր միայն սկսվում է: Սահմանադրական փոփոխություններից հետո մենք ունենք մի խորհրդարան, որ կարող է կազմ ու կառուցվածք փոխել հընթացս: Չի բացառվում, որ «Ազգային համաձայնության» կառավարությունը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի նախարարներով ի հայտ գա արդեն հիմա, եթե ոչ հիմա՝ 2018-ին: ԱԺ-ում կան երեք իշխանական և մեկ ընդդիմադիր կուսակցություններ, ու դա փաստ է: Մայիսին մեզ սպասում են նոր ընտրություններ, և այն ուժերը, որ արդեն մտել են խորհրդարան, և այն ուժերը, որ արդեն չեն մտել խորհրդարան, ունեն նոր հաղթանակի ու ինքնահաստատման և մատչ ռևանշի ու ռեինկարնացիայի շանս: Եվ ո՞վ է հնարել այս ընտրություններն ու ընտրությունն ընդհանրապես: Բայց ասացեք, որ մեկ ամիս լավ շոյեցին ձեր ինքնասիրությունը ու ձեզ մեծարեցին, պատրաստվեք՝ հինգ տարի ձեզ մոռանալու են:

Դիտվել է՝ 1964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ